×

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ 2018

Ամոս 2

1
Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նա Եդովմի թագավորի ոսկորներն այրելով կիր դարձրեց։
2
Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։
3
Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։
4
Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։
5
Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։
6
Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։
7
Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։
8
Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։
9
Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։
10
Եվ ես ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից և քառասուն տարի ձեզ անապատում առաջնորդեցի, որպեսզի ժառանգեիք ամորհացիների երկիրը։
11
Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։
12
«Սակայն դուք նվիրյալներին գինի խմեցրիք և մարգարեներին հրամայեցիք՝ ասելով. “Մի՛ մարգարեացեք”։
13
Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։
14
Եվ ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։
15
Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։
16
Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը»,- ասում է Տերը։
Armenian Bible 2018
Bible Society in Armenia, 2018
:
Պահել Գրառումները