Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից Բոքիմ ելավ և ասաց. «Ձեզ Եգիպտոսից հանեցի և ձեզ բերեցի այն երկիրը, որի համար երդվել էի ձեր հայրերին, և ասացի. “Ձեզ հետ արած ուխտս հավիտյան չեմ դրժելու։
Ժողովուրդը Հեսուի կյանքի բոլոր օրերին պաշտեց Տիրոջը և Հեսուից հետո էլ ողջ մնացած ծերերի բոլոր օրերին, որոնք տեսել էին բոլոր մեծ գործերը, որ Տերն արել էր Իսրայելի համար։
Եվ այդ սերնդի բոլոր մարդիկ ննջեցին իրենց հայրերի հետ, և նրանցից հետո ելավ ուրիշ մի սերունդ, որը չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։
Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։
Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա. նա կողոպտիչների ձեռքը մատնեց նրանց, և նրանք կողոպտեցին նրանց, շրջակա թշնամիների ձեռքը մատնեց, և այլևս չէին կարողանում կանգնել իրենց թշնամիների առջև։
Ամեն անգամ, երբ պատերազմի էին գնում, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, ինչպես ասել էր Տերը և ինչպես որ երդվել էր նրանց. և նրանք շատ մեծ նեղության մեջ էին։
Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և հետևելով ուրիշ աստվածների՝ մոլորվեցին ու նրանց երկրպագեցին։ Նրանք շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով գնում էին իրենց հայրերը՝ Տիրոջը հնազանդվելով. նրանց պես չարեցին։
Երբ Տերը նրանց համար դատավորներ էր կարգում, Տերն այդ դատավորի հետ էր լինում և այդ դատավորի կյանքի բոլոր օրերին նրանց ազատում էր իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը ցավ էր զգում նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից իրենց կրած հեծության համար։
Եվ երբ այդ դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրենց հայրերից ավելի էին անօրինանում՝ հետևելով օտար աստվածներին, նրանց պաշտելով և երկրպագելով նրանց. ետ չէին դառնում իրենց վատ գործերից և իրենց խստապարանոց ընթացքից։